Մոտիվացիայի և անհնազանդության ճգնաժամ՝ Գազայի պատերազմից տուժած իսրայելական բանակում
(last modified Fri, 16 May 2025 06:59:15 GMT )
Մայիս 16, 2025 10:29 Asia/Tehran
  • Մոտիվացիայի և անհնազանդության ճգնաժամ՝ Գազայի պատերազմից տուժած իսրայելական բանակում

Գազայում շարունակվող բախումներին և տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչին զուգահեռ, իսրայելական բանակը դիմակայում է մոտիվացիայի նվազման, անհնազանդության և դասալքության ճգնաժամին։

Ծառայությունը շարունակելու պատրաստակամության նվազում

Իսրայելի բանակի մարդկային ռեսուրսների վարչության կողմից անցկացված հարցման համաձայն՝ սպաների միայն 42 տոկոսն է պատրաստ շարունակել ծառայությունը, մինչդեռ պատերազմից առաջ այդ թիվը կազմում էր 49 տոկոս։ Իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթը հաղորդել է սպաների շրջանում  դասալքության և ինքնասպանությունների թվի աճի մասին։

Պահեստազորային ուժերի զանգվածային անհնազանդություն

 Իսրայելի կողմից հրադադարի խախտումից և պատերազմի վերսկսումից հետո, մեծ թվով պահեստազորայիններ հրաժարվել են ենթարկվել հրամաններին։ Եբրայական աղբյուրները հաղորդել են, որ զինվորների զգալի մասը իրենց հրամանատարներին ասել է, որ հրաժարվում է ծառայությունից։

Որպես օրինակ՝ «Նահալ» բրիգադի 30 զինվորներից միայն 6-ն են պատրաստ եղել մեկնել Գազա։

Բողոքի ցույցեր զինվորականների շրջանում և Նեթանյահուի արձագանքը

Մոսադի ներսում նույնպես բողոքի ալիք է բարձրացել։ 250 աշխատակիցներ, այդ թվում՝ կազմակերպության երեք նախկին ղեկավարներ, ստորագրել են մի խնդրագիր, որով կոչ են անում դադարեցնել պատերազմը՝ իսրայելցի գերիներին վերադարձնելու հնարավորություն տալու համար։ Նեթանյահուն սպառնացել է վտարել ցուցարարներին՝ նրանց անվանելով «մոլախոտեր»։

Հոգեբանական տրավմա և երկարատև պատերազմի հետևանքներ 

Գազայի պատերազմը հանգեցրել է զինվորների շրջանում սթրեսային խանգարումների և դեպրեսիայի աճի։ Եբրայական թերթերը հաղորդել են, որ հազարավոր զինվորներ հոգեբանական  օգնություն են ստանում։ Այս իրավիճակը, զուգորդված միջազգային ճնշման հետ, կասկածի տակ է դրել պատերազմը շարունակելու Իսրայելի կարողությունը։ Վերլուծաբանները խոսում են ռեժիմի ռազմավարական ձախողման մասին։ Ընդհանուր առմամբ, Իսրայելի բանակում մարտական ոգու անկումը, անհնազանդությունը և հոգեբանական ճգնաժամը, զուգորդված ներքին բողոքի ցույցերի հետ, աննախադեպ մարտահրավերներ են ստեղծել ռեժիմի համար։ Իսրայելի բանակը  Գազայի պատերազմում ոչ միայն չի հասել իր ռազմական նպատակներին, այլև թուլացել է։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ռեժիմը պատերազմ սկսեց Գազայի հատվածի դեմ՝ երկու հիմնական նպատակով՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել  գերիներին։ Սակայն  չկարողացավ հասնել այդ նպատակներին և ստիպված եղավ համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ՝ գերիների փոխանակման հարցում։

2025 թվականի հունվարի 19-ին, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ռեժիմի միջև կնքվեց համաձայնագիր՝  Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին, և իրականացվեց մի խումբ գերիների փոխանակում։

Ավելի ուշ, Իսրայելը հրաժարվեց մասնակցել հրադադարի բանակցությունների երկրորդ փուլին և մարտի 18-ի առավոտյան՝ խախտելով հրադադարի պայմանները, վերսկսեց իր ռազմական ագրեսիան Գազայի հատվածի դեմ։