Իրանից Վրաստան. խայտառակությունից հետո Հայաստանի ուղղված ողնաշարը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մոտ 10,6 միլիոն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Իրանի հետ սահմանային անցակետը արդիականացնելու համար: Դրա շնորհիվ կընդլայնվի անցակետի թե թողունակությունը, թե տեխնոլոգիական հագեցածությունը: Օրինակ, դրա շնորհիվ հնարավոր կլինի եռապատկել մեքենաների օրական թողունակությունը:
Նախագիծը, որ հաջողությամբ իրականացվելու դեպքում կավարտվի 2023 թվականին, անկասկած ունի էական կարեւորություն: Միեւնույն ժամանակ, այն առավել քան ընդգծում է մեկ այլ կարեւոր նախագծի հնարավորինս շուտ ավարտ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որն Իրանի սահմանը Հայաստանի տարածքով կապելու է Վրաստանի սահմանին, այնտեղից էլ դեպի Սեւ ծով եւ Ռուսաստան:
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, ըստ նախնական տարբերակի, պետք է ավարտվեր դեռեւս 2019 թվականին: Մինչդեռ, 2019 թվականին ավարտուն տեսք ուներ մոտ 550 կմ ճանապարհի ընդամենը 10 տոկոսը: Ավելին, ավարտուն տեսք ասվածը այդ դեպքում անգամ հարաբերական է, հաշվի առնելով այն, որ որոշ հատվածներ անորակ են կառուցվել: Դա այն դեպքում, երբ ծրագիրը պետք է լիներ միջազգային մակարդակի:
Հեղափոխությունից հետո Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության առնչությամբ հարուցվել է քրգործ, կան մեղադրյալներ, բացահայտվել են տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումներ, մեքենայություններ: Հյուսիս-հարավը Հայաստանի նախկին կառավարող համակարգի համար եղել է մի թեժ խարույկ, որի վրա բոլորը տաքացրել են ձեռքերը, մի մեծ կարկանդակ, որով փորձել են կշտանալ շատերը, ամեն մեկն ունենալով իր համար սահմանված կտորը:
Ու այդ ամենն այն պարագայում, որ ծրագիրն իրականացվում է վարկով:
Հեղափոխությունից հետո Հայաստանում ընթանում է մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանք, սակայն Հայաստանն ունի միջազգային մակարդակի ճանապարհների կարիք: Հյուսիս-հարավն այդ իմաստով, համակարգային խայտառակությունից հետո, կարող է դառնալ ոչ միայն կարեւոր ռեգիոնալ եւ ռազմա-քաղաքական առանցք, այլ նաեւ ներերկրային ուղղված ողնաշար:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio