Հայաստանն այժմ բարոյական իրավունք ունի ճանաչել Արցախի անկախությունը. Կոլերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i126022-Հայաստանն_այժմ_բարոյական_իրավունք_ունի_ճանաչել_Արցախի_անկախությունը._Կոլերով
«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա վիճակի սրացման հետ կապված։ Մոտ ժամանակահատվածում նրանք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԵԳՆՈՒՄ գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 14:04 Asia/Tehran
  • Հայաստանն այժմ բարոյական իրավունք ունի ճանաչել Արցախի անկախությունը. Կոլերով

«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա վիճակի սրացման հետ կապված։ Մոտ ժամանակահատվածում նրանք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԵԳՆՈՒՄ գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կորցրել. «Դա որոշակիորեն նոր իրավիճակ է, նոր տվյալներ են։ Եթե 2016 թվականի ապրիլին տեխնիկական այդպիսի մեծ կորուստ չկար, այժմ դա տեսանելի է։ Հիմա պետք է նայենք տարածքային իրավիճակին՝ կա՞ն տեղաշարժեր, թե՞ ոչ։ Խոսում են, որ կա տարածքային առաջխաղացում Ֆիզուլիի շրջանում։ Այն բնակեցված չէ և այնտեղ առաջ շարժվելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Հիմա հարցն այն է, թե որտեղ կֆիքսվի շփման գիծը, բայց որ այս սրացումը կհանդարտեցվի՝ դա միանշանակ է»։

Ինչ վերաբերում է Երևանի հնարավոր քայլերին ու մեր այն դիտարկմանը, թե արդյոք սա հարմար պահ է Արցախի անկախությունը ճանաչելու համար, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Իհարկե, ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա՝ Հայաստանն ունի բարոյական իրավունք ԼՂ-ը (Արցախ)  ճանաչել որպես անկախ պետություն։ Սա շատ լավ պահ է որոշակի թեստավորում անելու համար, այսինքն` չբավարարվել միայն խոսքերով, անել գործնական քայլեր։ Իլհամ Ալիևը փաստացիորեն հայտարարեց բանակցային գործընթացից դուրս գալու համար, ու հիմա Հայաստանը չունի պատճառ բանակցային գործընթացը չխարխլելու համար չճանաչել   ԼՂ-ի  (Արցախ)  անկախությունը։ Նման պատրվակ այժմ չկա»։

Խոսելով Մոսկվայի քայլերի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ արդեն իսկ գործնական քայլեր են արվում, հեռախոսազրույց է եղել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև. «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները»։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio