Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու հիմա նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում հիմա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ երկրի առաջ ծառացած են բազմաթիվ չլուծված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ, օրինակ, հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն կամ չարժե անել: Մի պարզ պատճառով, որովհետև արդեն ասացի՝ կա գերիների չլուծված հարց, կան որոնողական աշխատանքներ, որոնք ահավոր դժվար են գնում և հասկանալի պատճառներով, այդ թվում՝ Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում այդ աշխատանքների համար: Իսկ այդ արտահերթ ընտրությունների ընթացքում քարոզարշա՞վ է տեղի ունենալու: Բա այդ հարցերն ի՞նչ են լինելու: Ո՞վ է զբաղվելու այդ հարցերով»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ կոչերին և հայտարարություններին, Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդն իշխանությունն ի պահ է տվել իրեն:
«Վարչապետի կարգավիճակում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ես նաև ժողովրդի իշխանություն ձևավորելու հնարավորության և լիազորության պահպանողն եմ: Այսինքն՝ ի պահ է հանձնվել այդ իշխանությունն ինձ: Ոչ թե իշխանությունը, այդ կարգավիճակը պատկանում է ինձ, այլ այդ իշխանությունն ի պահ է հանձնվել ինձ, իսկ այդ կարգավիճակի տերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ այդ իշխանության հետագա ճակատագրի համար ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ»,- նշել է վարչապետը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:
armenpress.am