Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր
https://parstoday.ir/hy/news/armenia-i130255-Իրան_Հայաստան_գազամուղը_կշահագործվի_լիարժեք_կարողությամբ._ՀՀ_պատվիրակությունն_Իրանում_էր
Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 14:25 Asia/Tehran
  •  Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնության են եկել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:

ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում հանդիպմանը փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:

Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։

Իսկ մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Պապիկյանը հույս էր հայտնել, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդին՝ կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում։

armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio