STRATFOR. Երևանը ցանկանում է պահպանել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում
Ըստ «STRATFOR» ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն դիվանագիտական արտակարգ ջանքերն ու ակտիվ հանդիպումները, կշարունակվի ճնշում գործադրվել հակամարտող կողմերի վրա՝ խաղաղ բանակցությունները շարունակելու համար:
Այդ ամենը, սակայն, կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում չի բերի խնդրի ամբողջական կամ նույնիսկ մասնակի լուծմանը, քանի որ չափազանց շատ են այն գործոններն ու տարբեր շահեր ունեցող կողմերը, որոնք փակուղի են մտցնում կարգավորման ցանկացած տարբերակ: Արդյունքում ռազմական էսկալացիայի հավանականությունը Ղարաբաղում կմնա շատ բարձր՝իր հետ բերելով հետևանքներ, որոնք կտարածվեն այս փոքր տարածաշրջանի սահմաններիս շատ հեռու:
Ըստ «STRATFOR» -ի՝ հակամարտության վերջնական կարգավորման խոչընդոտների շարքում առանցքային նշանակություն ունի Հայաստանի ընդդիմադիր դաշտի վերաբերմունքը լուծման առաջարկվող տարբերակի նկատմամբ: Ըստ այդմ՝ Երևանը ցանկանում է պահպանել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին է վկայում հայկական ԶԼՄ-ների կտրուկ քննադատությունը Ռուսաստանի կողմից հրամցվող լուծման տարբերակի նկատմամբ:
Կենտրոնը մեջբերել է ապրիլի 14-ին Հայաստանի արտգործնախարարի հայտարությունն այն մասին, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 25-ի հայտարարությունը, համաձայն որի՝ անիմաստ է խոսել խաղաղ բանակցությունների շարունակման մասին, երբ ռազմական էսկալացիան դեռևս ընթացքի մեջ է, և մեկնաբանել է, թե սա չի նշանակում, որ բանակցային գործընթացն ու լուծումներ գտնելուն միտված պարբերական հանդիպումները հակամարտող կողմերի միջև չեն շարունակվելու:
«Խնդիրը նրանում է, որ եթե անգամ հայկական կողմը տեղի տա Մոսկվայի ճնշումներին և ընդունի ղարաբաղյան հարցում առաջարկվող փոխզիջումային տարբերակը, ապա դա հազիվ թե կարղ է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը: Ավելին, հայերի շրջանում Ղարաբաղի խնդիրն այնքան զգացմունքային ու քաղաքականացված թեմա է, որ առաջարկվող տարբերակն ընդունելու դեպքում կարող է լուրջ սպառնալիք ստեղծվել Հայաստանի իշխանության համար և պատճառ դառնալ նրա տապալման համար»,-գրում է «STRATFOR»-ը:
Ըստ կենտրոնի՝ անհասկանալի է, թե արդյոք Ռուսաստանը, հակառակ իր հռետորաբանությանը, իսկապես շահագրգռված է կոնֆլիկտի վերջնական կարգավորման մեջ:
«Ռուսաստանի համար առավել շահեկան է տարածաշրջանում պահպանել այս հակամարտության ոչ տաք և ոչ էլ սառը կարգավիճակը, որը Մոսկվային հնարավորություն է տալիս հանդես գալու յուրօրինակ մրցավարի դերում Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ պահպանելով ազդեցության լծակները երկու երկրների վրա»,-մեկնաբանում է «STRATFOR»-ը:
Panorama.am
27/4/2016