Զաս․ Սահմանային միջադեպերը սպառնալիք են ՀՀ անվտանգությանը, բայց կարգավորման հնարավորություններ կան
https://parstoday.ir/hy/news/armenia-i147864-Զաս_Սահմանային_միջադեպերը_սպառնալիք_են_ՀՀ_անվտանգությանը_բայց_կարգավորման_հնարավորություններ_կան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀՀ անվտանգության համար, սակայն հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 03:51 Asia/Tehran
  • Զաս․ Սահմանային միջադեպերը սպառնալիք են ՀՀ անվտանգությանը, բայց կարգավորման հնարավորություններ կան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀՀ անվտանգության համար, սակայն հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ, և ինչո՞ւ կազմակերպությունը, այնուամենայնիվ, հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսադաշտում:

«Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորել է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ վերջերս բախումները սահմանին շատացել են, և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

panarmenian.net