Երևանն ու Բաքուն ԿԽՄԿ-ի համար բացել են սահմանամերձ շրջանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i149946-Երևանն_ու_Բաքուն_ԿԽՄԿ_ի_համար_բացել_են_սահմանամերձ_շրջանները
ԿԽՄԿ-ն այն եզակի միջազգային կազմակերպություններից է, որն աշխատում է այս տարածաշրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 03:23 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն ԿԽՄԿ-ի համար բացել են սահմանամերձ շրջանները

ԿԽՄԿ-ն այն եզակի միջազգային կազմակերպություններից է, որն աշխատում է այս տարածաշրջանում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների տարածքներ մուտքի իրավունք է ստացել:  Տեղեկությունը ՏԱՍՍ–ի հետ զրույցում  հայտնել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

Նրա խոսքով` իրավիճակը տարբեր ձևերով է զարգանում հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով:

«Եվ մեզ համար կարևոր հարցերից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է, որ նրանք կարողանան աշխատել այնտեղ։ Մենք մուտքի իրավունք  ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից», - նշել է Ասլանովը։

Նա նշել է, որ ԿԽՄԿ–ն այն եզակի միջազգային կազմակերպություններից է, որն աշխատում է այս տարածաշրջանում։

«Մենք չենք դադարեցրել մեր աշխատանքը հակամարտության էսկալացիայի ժամանակ, շարունակում ենք այն նաև այսօր։ Իհարկե, իրավիճակը փոխվում է, և դրա հետ մեկտեղ փոխվում են նաև մարդկանց կարիքները։ Ելնելով այս իրավիճակից՝ մենք էլ ենք փոխում մեր ծրագրերն ու մոտեցումները», - ավելացրել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այժմ Կարմիր խաչի աշխատակիցների գործը միտված է երկարաժամկետ խնդիրների լուծմանը։ Մարտական գործողությունների ժամանակ ԿԽՄԿ-ն ստիպված է եղել լուծել հրատապ հումանիտար խնդիրներ, որոնք կապված էին, օրինակ, զոհվածների մարմինների որոնման ու նրանց ընտանիքներին փոխանցելու, փախստականների ու տեղահանվածների կարիքների բավարարման, հակամարտության գոտում բնակչությանը ջրով ու դեղորայքով ապահովելու հետ:

    «Եվ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։ Անցյալ տարվանից մենք ավելացրել ենք նաև մեր բյուջեն տարածաշրջանում. դա շուրջ 45 մլն շվեյցարական ֆրանկ է, որ կազմակերպենք մեր մարդասիրական գործունեությունը։ Նաև ավելացել է այնտեղ աշխատող մեր աշխատակիցների թիվը։  Դա և՛ միջազգային անձնակազմ է, և՛տեղացիներ», - ասել է տարածաշրջանային պատվիրակության ղեկավարը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeniasputnik.am