Հայաստանը և Ռուսաստանը բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i153454-Հայաստանը_և_Ռուսաստանը_բազմաթիվ_համատեղ_ծրագրեր_են_իրականացրել._ՌԴ_տնտեսական_զարգացման_փոխնախարար
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 13:54 Asia/Tehran
  • Հայաստանը և Ռուսաստանը բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։

«Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,-ասել է Վ․ Տերտերյանը, ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների  կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ,  նոր խթան կհանդիսանա  այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։

Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ճամակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։

Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։ Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։

aysor.am