Կարապետյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է գերիների ու անհետ կորածների հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i153888-Կարապետյանը_Կարմիր_խաչի_պատվիրակության_հետ_քննարկել_է_գերիների_ու_անհետ_կորածների_հարցը
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2021 13:56 Asia/Tehran
  •  Կարապետյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է գերիների ու անհետ կորածների հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:

Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի։

armeniasputnik.am