ԵԱՀԿ Մինկի խումբն առանց օրակարգի է մնացել․ Երևանում Արցախի հարցով լսումներ անցկացվեցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i154492-ԵԱՀԿ_Մինկի_խումբն_առանց_օրակարգի_է_մնացել_Երևանում_Արցախի_հարցով_լսումներ_անցկացվեցին
Արամ Սարգսյանը լսումներ էր կազմակերպել, որտեղ խորհրդարանին ուղղված դիմում է ընդունվել։ Քաղաքական գործիչը կարծում է, որ գտել է Արցախի կարգավիճակի որոշման ապագա բանակցությունների համար անհրաժեշտ հիմքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 16:40 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինկի խումբն առանց օրակարգի է մնացել․ Երևանում Արցախի հարցով լսումներ անցկացվեցին

Արամ Սարգսյանը լսումներ էր կազմակերպել, որտեղ խորհրդարանին ուղղված դիմում է ընդունվել։ Քաղաքական գործիչը կարծում է, որ գտել է Արցախի կարգավիճակի որոշման ապագա բանակցությունների համար անհրաժեշտ հիմքը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ և «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի ղեկավար Արամ Սարգսյանը Երևանում կազմակերպել է փորձագիտական հանրության մասնակցությամբ լսումներ՝ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության` որպես սուբյեկտի օրինականությունը ճանաչելու հարցով:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր մնացել է առանց օրակարգի ։ Իսկ Ադրբեջանն առհասարակ հայտարարում է, թե Ղարաբաղյան խնդիր գոյություն չունի։ Նրա համոզմամբ՝ այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շատ իներտ դիրքորոշում են որդեգրել։

«Ուստի մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել Արցախի Հանրապետության՝ որպես սուբյեկտի կազմավորման օրինականության ճանաչման հարցը։ Դա կարգավիճակի որոշման ապագա բանակցությունների հիմքը կդառնա։ Եթե հայկական կողմն այդ գործընթացը չսկսի` մենք մեր միջազգային գործընկերներից պահանջելու բան չենք ունենա»,-նշեց նա։

Միևնույն ժամանակ Դեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ Արցախի Հանրապետության՝ որպես սուբյեկտ կազմավորման օրինականության ճանաչումը չի նշանակում Արցախի Հանրապետության ճանաչում: Սա ընդամենը Հայաստանի կողմից հանրապետության հռչակման ընթացակարգերի օրինականության ճանաչում է։

Նշենք, որ լսումներին մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Լսումների արդյունքում դիմում-ուղերձ հղվեց Հայաստանի խորհրդարանին՝ տվյալ հարցը քննարկելու և Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության կազմավորման լեգիտիմությունը ճանաչելու մասին համապատասխան հայտարարությամբ հանդես գալու նպատակով:

Նոյեմբերի 1–ին դիմումը կներկայացվի խորհրդարան։

armeniasputnik.am