Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i155008-Իրանը_հայ_գրողների_աչքերով._լույս_է_տեսել_Իրանի_արևը_ժողովածուն
Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 15:27 Asia/Tehran

Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն

«Իրանի արևը» ժողովածուում, որը «Մենք և աշխարհը» շարքի  առաջին գիրքն է,  զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները:
 

«Իրանի արևը» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում, միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ հայ-իրանական գրական կապերն ամուր են:

«Մենք պարբերաբար Հայաստան ենք հրավիրում իրանցի գրողների, հետո նրանք են մեզ Իրան հրավիրում: Հայ ժամանակակից գրականությունը շատ է հետաքրքրում իրանցիներին: Նրանք ոչ միայն հրատարակում, այլև վերահրատարակում են մեր հեղինակների ստեղծագործությունները»,-նշեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Հայաստանում  էլ Իրանի ժամանակակից դրամատուրգներին են թարգմանում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ կարևորեց նման գրքերի հրատարակման դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում: «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովուրդների մշակույթը և քաղաքակրթությունը, որն անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին»,-շեշտեց դեսպանը:

Նախագծի հեղինակը Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ: