Իրանական գազը կարո՞ղ է ռուսական վառելիքի այլընտրանք դառնալ. հայ պաշտոնյայի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i249714-Իրանական_գազը_կարո_ղ_է_ռուսական_վառելիքի_այլընտրանք_դառնալ._հայ_պաշտոնյայի_պատասխանը
Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Իրանի դեմ պատերազմը մինչ այս պահը չեն ազդել Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյան։
(last modified 2026-09-02T09:48:22+00:00 )
Սեպտեմբեր 02, 2026 13:16 Asia/Tehran
  • Իրանական գազը կարո՞ղ է ռուսական վառելիքի այլընտրանք դառնալ. հայ պաշտոնյայի պատասխանը

Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Իրանի դեմ պատերազմը մինչ այս պահը չեն ազդել Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյան։

«Մեր համագործակցությունը ընթանում է բնականոն հունով, և Մերձավոր Արևելքի իրադրությունն այս պահին որևէ կերպ մեր համագործակցության վրա չի ազդել»,– ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ռուսական գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք դառնալ Հայաստանի համար, Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվում են գործող պայմանագրերին և կարգավորումներին համապատասխան։ Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շարունակում է Իրանից բնական գազ ստանալ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։

«Որևէ արտառոց քայլ այս պահին մեր կողմից չի ձեռնարկվում։ Ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես կա»,– ընդգծեց Աբրահամյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանից գազի ներկրման ավելացման համար այս պահին որևէ կոնկրետ խոչընդոտ չկա, սակայն փոխանակումն իրականացվում է պայմանագրով սահմանված ծավալների շրջանակում։

«Այսինքն՝ հետագայում ինչպես կստացվի իրերի դրությունը, ինչպես կդասավորվի, այս պահին դա ուղղակի կլինի կանխատեսում։ Մենք, այո՛, Իրանի հետ նոր էլեկտրահաղորդման գիծը կառուցում ենք, որպեսզի, բնականաբար, Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը ավելացնենք։ Իսկ թե ինչ մեխանիզմով, ինչ գործարքի շրջանակում կլինի, դա կլինի ապագա բանակցությունների արդյունք»,–ասաց նա։

Վարդանյանը վաղաժամ համարեց Իրանից Հայաստան գազի ստացվող ծավալների մեծացման մասին խոսելը` շեշտելով, որ նոր էլեկտրահաղորդման գիծը պատրաստ չէ։