Արաղչի․ աշխարհի ապագան գնում է դեպի բազմաբևեռություն և բազմակողմանիություն
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է աշխարհում բազմաբևեռացման աճող միտումը՝ նշելով, որ միջազգային համակարգի ապագան, առավել քան երբևէ, շարժվում է դեպի բազմաբևեռություն և բազմակողմանիություն, իսկ այս գործընթացը պահանջում է երկրների միջև ավելի մեծ համագործակցություն և համերաշխություն։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Mehr գործակալությանը, ՇՀԿ գագաթնաժողովից հետո սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ անդամ երկրներն ընդգծել են միակողմանիության դեմ պայքարի և անկախ տնտեսական ու քաղաքական ուղիներ գտնելու անհրաժեշտությունը՝ հատկապես էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։
Նա հավելել է, որ Շանհայի գագաթնաժողովը լավ հնարավորություն էր Իրանի դիրքորոշումները ներկայացնելու և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված քաղաքական գործընթացը պարզաբանելու համար։ Շատ երկրներ այդ փոխըմբռնումը դիտարկել են որպես քաղաքական հաղթանակ Իրանի համար։
Արաղչին նաև հայտնել է, որ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին՝ երկրները շարունակում են Իրանի հետ տնտեսական համագործակցություն իրականացնելու ցանկություն հայտնել։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների կարևոր մասը նվիրված էր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև դրամական միջոցների և ապրանքների փոխանցման խոչընդոտների վերացմանը։
Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ ոչ արևմտյան երկրների միջև համագործակցության ընդլայնումը կարող է նպաստել Արևմուտքի գերիշխանության ներքո գտնվող կառույցներից կախվածության նվազեցմանը և աշխարհում ավելի հավասարակշռված տնտեսական ու քաղաքական կարգի ձևավորմանը։