Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը
Գրիգորյանն ու Պատրուշևն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների 9-րդ հանդիպման օրակարգին:
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարներ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևն այսօր Մոսկվայում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգի թեմաները», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական գործողությունն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 13 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով Ադրբեջանն ունի մինչև 70 զոհված և վիրավոր, Հայաստանն 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
armeniasputnik.am