Ոչինչ գաղտնի չի մնա. Փաշինյանը խոստացավ, որ ամեն ինչ կբացահայտվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i158118-Ոչինչ_գաղտնի_չի_մնա._Փաշինյանը_խոստացավ_որ_ամեն_ինչ_կբացահայտվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարգանքն ու խոնարհումը հայտնեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության համար զոհված 9 զինծառայողների հիշատակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 13:58 Asia/Tehran
  • Ոչինչ գաղտնի չի մնա. Փաշինյանը խոստացավ, որ ամեն ինչ կբացահայտվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարգանքն ու խոնարհումը հայտնեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության համար զոհված 9 զինծառայողների հիշատակին։

«9 հոգի, 9 զինվոր, 9 հերոս մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի»,– ասաց նա։

Խոսելով տվյալ տարածքում գերեվարված զինծառայողների մասին` վարչապետը հիշեցրեց, որ այդ դրվագի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Նա ցավով արձանագրեց, որ դրանով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին դատարաններն այդպես էլ չեն կալանավորել` մերժելով համապատասխան միջնորդությունը։

Հարցը հնչեցրած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հստակեցրեց. «Կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս»։

Փաշինյանը հայտարարեց, որ դա շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է, և եթե իրենք համարեին, որ այն համապատասխանում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իր նշած հերոս նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի։

«Այսինքն` եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է մենք համարում ենք, որ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի տրամաբանությանը»,– ասաց Փաշինյանը` դարձյալ շեշտելով, որ թեման առնչվում է շատ բարձր պաշտոնյաների հետ, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն ինքը չունի։

«Բայց ոչինչ գաղտնի չի մնա»,– ասաց Փաշինյանը` խոստանալով, որ ամեն ինչ կբացահայտվի։

Հիշեցնենք` Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու այդպիսով 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։ Նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանն այսօր շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել։

armeniasputnik.am