Քրեական գործով անցնող ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն ազատվել է պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/armenia-i158812-Քրեական_գործով_անցնող_ԶՈւ_ԳՇ_պետի_տեղակալ_Ստեփան_Գալստյանն_ազատվել_է_պաշտոնից
Նախագահ Արեն Սարգսյանի դեկտեմբերի 16-ի հրամանագրով Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 13:30 Asia/Tehran
  • Քրեական գործով անցնող ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն ազատվել է պաշտոնից

Նախագահ Արեն Սարգսյանի դեկտեմբերի 16-ի հրամանագրով Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը:Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:Ավելի վաղ հայտնել ենք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

civic.am/politics/