Մենք կարողացանք խուսափել այն ֆորմատից, որը մեզ ստիպում էր ընդունել Ռուսաստանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i160492-Մենք_կարողացանք_խուսափել_այն_ֆորմատից_որը_մեզ_ստիպում_էր_ընդունել_Ռուսաստանը
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2022 08:51 Asia/Tehran
  • Մենք կարողացանք խուսափել այն ֆորմատից, որը մեզ ստիպում էր ընդունել Ռուսաստանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

-Որպես տնտեսագետ՝ հետևել եք արդյոք՝ ներդրումների հոսք Հայաստանում կա՞ թե ոչ։ Ի՞նչ սպասել առաջիկայում։

Ֆինանսական ներդրումային հոսք դեպի Հայաստան, բնականաբար, կա և չի կարող չլինել, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակիորեն կախված է մեծ մասով այդ ներդրումներից ու ֆինանսական օգնություններից: Առաջին հերթին դա տրանսֆերտներն են, որոնք գալիս են Սփյուռքից և ՀՀ այն քաղաքացիներից, որոնք ապրում ու աշխատում են արտասահմանում: Բայց ես  կկարևորեի այն ֆինանսական ներդրումները, րոնք կոնկրետ ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այդ պարագայում Եվրամիությունն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել և իր կողմից արդեն գրեթե 3 մլրդ դոլարի  ներդրումային գումար է հատկացրել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով: Ես հուսով եմ, որ այդ համագործակցությունը կզարգանա 2022-ի ընթացքում և մենք կկարողանանք ակնկալել Արևմուտքից էլ ավելի մեծ ներդրումային հնարավորություններ, ինչն իր հերթին Հայաստանի համար մեծ խթան կարող է հանդիսանալ տնտեսությունը զարգացնելու և մի նոր մակարդակի բարձրացնելու համար: Բայց այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է գիտակցի, որ Հայաստանի կողմից էլ պետք է փոխադարձ քայլեր կատարվեն: Այստեղ հարկ է ընդգծել, որ մենք նման չափերի  օգնություն չենք ստանում ու չենք էլ ակնկալում այն երկրների կողմից, որոնց հետ տնտեսական ու ռազմական դաշինքի մեջ են: Հուսով եմ, որ մեր ժողովուրդն ու կառավարությունը որոշակի եզրակացություններ կանի դրանից:

-Պարոն Առաքելյան, Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Ըստ Ձեզ՝ տնտեսական առումով արդյոք Հայաստանի սպասումները կարդարանա՞ն։ վարչապետը տնտեսական կարևոր ձեռքբերում է դա համարում։

-Եթե այդ երկաթուղին գործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոններին համապատասխան, ապա Հայաստանի համար դա, բնականաբար, լավ լուր է, քանի որ Հայաստանը Ռուսաստան բեռներ տեղափոխելու նոր հնարավորություն կստանա: Այլ հարց է, որ քաղաքական իրավիճակը փոխվում է ամիս առ ամիս, իսկ այդ երկաթգիծը մի քանի տարվա իրագործման ժամկետներ ունի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միջազգային իրավիճակը մեր ռեգիոնում բավականին անկայուն է: Թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել կես տարի հետո, դա ոչ մեկը չգիտի: Մենք պետք է գիտակցենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը կոշտ ավտորիտար պետություններ են, որտեղ բոլոր որոշումներն ընդունվում են մեկ մարդու  կողմից, այլ ոչ թե ինստիտուցիոնալ  կերպով: Սա իր հերթին յուրաքանչյուր ծրագրի համար կարող է վտանգներ ստեղծել:

-Արդյոք Հայաստանը կկարողանա առավելագույնը ստանալ այդ երկաթգծի շահագործման արդյունքում։

-Հայաստանի համար այդ երկաթգիծը միանշանակ շահութաբեր ու շահավետ ծրագիր է, քանի որ Հայաստանը երկաթգծի հնարավորություն կստանա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ, ինչն իր հերթին կարող է խթան հանդիսանալ առևտրային կապերի զարգացման ոլորտում: Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ լավատեսությունը պետք է ինչ-որ չափագրված լինի, քանի որ մենք գործ ունենք ավտորիտար լիդերների հետ և այդ ծրագիրը յուրաքանչյուր պահի կարող է պարզապես չեղարկվել, քանի որ թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը շահագրգռված չեն Հայաստանի տնտեսական զարգացման մեջ: Ադրբեջանն առանց այդ երկաթգծի էլ ունի երկաթգծային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Բայց մեր օգտին կարող է խաղալ Իրանի շահագրգռվածության գործոնը: Այնպես որ, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:

 -Պարոն Առաքելյան, որքանո՞վ Հայաստանը կարողացավ 2021-ին իր առջև ծառացած մարտահրավերները լուծել։

 -Պատերազմից հետո մեր երկիրը կանգնեց մի քանի գերխնդիրների լուծման առջև: Առաջինը հետ պատերազմյան հարցերի կարգավորումն է, որի մեջ մտնում է մեր գերի ընկած տղաների վերադարձը և սահմանների պաշտպանության հարցը, սահմանազատման հարցը, փախստականների ապահովումը, տեղավորումը: Երկրորդ կարևորագույն խնդիրը տնտեսական կայունացման խնդիրն է, որի լուծման պայմաններում Հայաստանը ներդրումների հնարավորություն կստանա, ավելի ճիշտ ներդրումների աճի ավելացման հնարավորություն կստանա: Եվ երրորդը ես կկարևորեի դիվանագիտաքաղաքական խնդիրները, որոնք նույնպես կանգնած են մեր երկրի կառավարության առջև: Եթե այս երեք հարցերին ընդհանուր առմամբ պատասխաններ տրվեն, ապա կարելի է նշել, որ ընդհանուր աճ և հարցերի լուծման տեղի է ունեցել: Ճիշտ է, շատ դանդաղ, ոչ առանց խոչընդոտների ու խնդիրների, որն անընդհատ ստեղծում է մեր հակառակորդ կողմը, բայց այնուամենայնիվ, առաջընթաց արձանագրվել է: 2021-ի ընթացքում մեր գերի ընկած տղաներից մի քանի խումբ արդեն վերադարձել է Հայաստան և այդ պրոցեսը, հուսով եմ՝ շարունակվելու է: Դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսն է կարծես ուզում մեռյալ կետից շարժ ապրել: Համենայնդեպս, դրա հետ կապված մասնագետներն արդեն Հայաստանում են: Իսկ Արցախից եկած մեր հայրենակիցները, որոնք  փախստականի կարգավիճակում են Հայաստանում, շնորհիվ  եղած ծրագրերի և Սփյուռքի օգնության, որոշակի հնարավորություններ են ստացել: Բայց, բնականաբար, այդ ծրագրերը բավարար չեն, պետք է ընդլայնվեն, օգնությունը պետք է ավելանա:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա չնայած հետպատերազմյան այն ծանր ֆինանսական վիճակին, Հայաստանն, այնուամենայնիվ, 2021-ի ընթացքում տնտեսական աճ է արձանագրել և նույնիսկ ֆինանսների նախարարությունը հույս է հայտնում, որ 2022-ի ընթացքում այդ աճն ավելի մեծ զարգացում կստանա: Դիվանագիտաքաղաքական հարցերում էլ մենք կարողացանք, փաստորեն, խուսափել այն ֆորմատից, որը մեզ ստիպում էր ընդունել Ռուսաստանը, կարողացանք Արևմուտքի օգնությամբ պայմանավորվել այն նոր ֆորմատին, որով շարունակելու ենք մեր բանակցային պրոցեսը Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

1in.am