Սուրբ Ծնունդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160698-Սուրբ_Ծնունդ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 05, 2022 13:06 Asia/Tehran
  • Սուրբ Ծնունդ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Սուրբ Ծնունդը  մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները, սովորաբար դեկտեմբերի 25-ին: Այն քրիստոնյաների  ամենասիրված և ամենասպասված տոնն է:  Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին: Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Հունվարի 5-ի երեկոյան, պատարագից հետո, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդում է մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Ճրագալույցի Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, ծոմով մասնակցում Սուրբ պատարագի և հաղորդություն ստանում:  Պահոց ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում հաջորդ օրը: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ժամանակ քահանան  ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը արտասանելով «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի»:

Պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։

Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն  և բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Իսկ տոնածառը,  որ այդ օրերին  մեր տներում գլխավոր զարդարանքն է համարվում,  խորհրդանշում է դրախտի կենաց ծառը, որի վրա պիտի փայլի Բեթղեհեմյան  աստղը, և մենք՝ իբրև մոգեր, Քրիստոսին մեր ընծաները պիտի բերենք խաղալիքների տեսքով, որոնք զարդարում են տոնական ծառը։