Պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման. Ալեն Սիմոնյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում:
Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության եւ առցանց ձեւաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ եւ բանավեճեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:
Ալեն Սիմոնյանն ընգծել է, որ վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով եւ 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները: