Աշխարհում դեպքերը շատ սրընթաց են զարգանում. Միրզոյանը` ՀՀ–Թուրքիա հարաբերութունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i165716-Աշխարհում_դեպքերը_շատ_սրընթաց_են_զարգանում._Միրզոյանը_ՀՀ_Թուրքիա_հարաբերութունների_մասին
Հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված երկրորդ հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում։ Նա այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 13:45 Asia/Tehran
  • Աշխարհում դեպքերը շատ սրընթաց են զարգանում. Միրզոյանը` ՀՀ–Թուրքիա հարաբերութունների մասին

Հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված երկրորդ հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում։ Նա այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը։

«Հանդիպումը գնահատում եմ դրական, ուզում եմ ասել, որ հանդիպումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ` բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպումից դժվար է ակնկալել։ Չի կարող լինել մի հանդիպում`երկրորդ հանդիպում, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների խնդիրներին»,– ասաց Միրզոյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին որևէ որոշում առայժմ չկա։

Չկա նաև որոշում` Հայաստանի պատվիրակությունը մարտին կմեկնի Անթալիա, թե ոչ։

«Աշխարհում այսօր իրադարձությունները շատ սրընթաց կերպով են զարգանում և փոփոխվում։ Ամեն օր, ամեն վայրկյան»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ անգամ կարճաժամկետ հատվածների համար որոշումներ կայացնելն օր օրի դժվարանում է։

Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ, մեկնաբանելով այդ լուրը, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական 2-րդ համաժողովին Հայաստանից մասնակցելու են արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

armeniasputnik.am