Էրդողանը 1.5 մլն հայերի ջարդը «մահ» է որակել. Թուրքիայի նախագահի ուղերձը
(last modified Sun, 24 Apr 2022 15:56:54 GMT )
Ապրիլ 24, 2022 20:26 Asia/Tehran

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ուղերձը հրապարակվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Նա իր ուղերձում կեղծել է փաստերը և այդպես էլ չի կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, իսկ 1915-ին զոհ գնացած 1.5 միլիոն հայերի ջարդերի մասին խոսելիս` օգտագործել է «մահանալ» բառը` նշելով, որ այսօր ոգեկոչում են «առաջին աշխարհամարտի ժամանակ մահացած օսմանցի հայերի հիշատակը»։

«Մենք դարեր շարունակ կիսել ենք ուրախությունն ու տխրությունը, ուստի կարևոր է բուժել անցյալի վերքերը և ամրապնդել մարդկային կապերը։ Կարծում եմ, որ ցավն ուժեղացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան»,- ասել է Էրդողանը։

Նա անդրադարձել է նաև մերօրյա զարգացումներին` նշելով, թե Հայաստանի հետ դրական գործընթաց է սկսվել: Էրդողանի խոսքով` կարգավորման գործընթացին անկեղծորեն սատարում են Թուրքիայում գտնվող հայկական ծագում ունեցողները. նրանք կողմ են երկու հարևան երկրների սերտ համագործակցությանը։

«Ակնկալում եմ, որ դուք էլ Ձեր ծանրակշիռ ներդրումը կունենաք այս գործում, որն ի հայտ է եկել տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության համար»,- նշել է Էրդողանը Մաշալյանին ուղղված ուղերձում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել էին։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։

Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։

armeniasputnik.am