Բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i171314-Բելառուսական_ընկերությունները_հետաքրքրություն_են_ցուցաբերում_Հայաստանում_ճանապարհաշինության_ոլորտի_նկատմամբ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2022 13:01 Asia/Tehran
  • Բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ բեռների փոխադրման թույլտվությունների վերաբերյալ հարցեր։

Բելառուսական կողմը խնդրել է բացի համաձայնեցված քանակը՝ այս տարվա համար ավելացնել ևս 700 թույլտվություն։

Նախարար Սանոսյանն ասել է, որ այդ թույլտվությունները մեկ-երկու օրվա ընթացքում կտրամադրվեն։

Հանդիպմանը ներկա ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ նկատել է, որ հայկական կողմն առաջարկում է երրորդ երկրներից և դեպի երրրոդ երկրներ բեռների տեղափոխումն առհասարակ իրականացնել առանց թույլտվությունների՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ և ԲՀ միջև առկա միջպետական համաձայնագրերում։

Դեսպանը նշել է նաև, որ բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ և ցանկալի կլինի ճանապարհաշինության մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել նաև բելառուսական ընկերությունների, որոնք մասնագիտացված են այդ ոլորտում։

Նախարարը նկատել է, որ տեղյակ են բելառուսական ընկերությունների աշխատանքին ճանապարհաշինության ոլորտում և համագործակցության արդյունքում հնարավոր է երկուստեք շահավետ լուծումներ գտնել։

news.am