Հուլիս 06, 2022 20:43 Asia/Tehran
  • ՀՀ առաջին արբանյակի արձակումը «Գեոկոսմոս»-ի և իսպանական «Սատլանտիս»-ի  աշխատանքի գերազանց արդյունք է. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով՝ նշելով, որ հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների առաջին հաջողված և ոչ վերջին համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը, համոզված եմ՝ լավ առիթ է՝ վերարժևորելու մեր երկու երկրների միջև հարաբերություններում առկա ներուժը և նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխշահավետ համագործակցությանը: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այսօրվա այցը ՀՀ արտգործնախարարի երկկողմ օրակարգով առաջին այցն է Իսպանիա»։

Նա գոհունակություն է հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ «Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական  հարաբերությունների հետագա ակտիվացման համար։

Հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր առնչությունների, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Այս համատեքստում ուզում եմ շեշտել, որ 2018թ.-ին և 2021թ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը միանշանակ ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, և Կառավարությունն էլ ամբողջ թափով կյանքի է կոչում մեր ժողովրդի կողմից հավանության արժանացած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Այսօր մեր քննարկումների ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալները շատ մեծ չեն, ուրախալի է, որ 2021թ.-ին, օրինակ, 2020թ.-ի համեմատ ունեցել ենք 36% աճ, իսկ 2022թ. առաջին չորս ամիսների ծավալները 2021թ․-ի համեմատ աճել են գրեթե երեք անգամ»,- հավելել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորվել են նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ստեղծարար կրթության և մի շարք այլ ոլորտներում համատեղ հավակնոտ ծրագրերի իրականացումը։ «Հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ եմ համարում հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք, ինչը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների  առաջին հաջողված, ու համոզված եմ, ոչ վերջին, համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է, և այս առումով մենք մտքեր ենք փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Նա, Իսպանիայի ՀՀ ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նրան պաշտոնապես հրավիրել է Հայաստան:

armenpress.am

Պիտակ