ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահն այսօր կժամանի Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այսօր կայցելի Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։
Այցի ընթացքում նախատեսվում են Ռիքերի հանդիպումները երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցն է տարածաշրջան։
«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։
Ռիքերի տարածաշրջանային այցն, ըստ ամենայնի կմեկնարկի այսօր` Հայաստանից։
Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։
Հիշեցնենք՝ ս.թ. հունիսին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր գործունեությունը` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով այդ հայտարարությանը, ասել էր, որ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին։ Նրա խոսքով` այդ փաստաթղթերը որևէ մեկը չի չեղարկել։
Փաշինյանը շեշտել էր, որ Մինսկի խմբի համանախագահողների հետ արձանագրել են` խումբը և խմբի միջազգային մանդատը կա, այլ հարց է, թե այդ մանդատի ներքո ով ում հետ ինչ բանավեճ ունի։
armeniasputnik.am