ՄԽ ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը
(last modified Sat, 10 Sep 2022 17:41:12 GMT )
Սեպտեմբեր 10, 2022 22:11 Asia/Tehran
  • ՄԽ ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ  համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:

armenpress.am

 

 

Պիտակ