Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i182916-Ադրբեջանի_ագրեսիայի_հետևանքները_պետք_է_վերացվեն._Արարատ_Միրզոյան
Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Սեպտեմբեր 27, 2022 14:33 Asia/Tehran
  • Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան

Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր, նա արդեն առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։

«Արժեվորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գործողությունների հետևանքով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։

Միրզոյանը հայտնեց, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց` հիմնախնդիրը մնում է չլուծված. «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Դենդիասի` Հայաստան այցը, ինչպես նաև հիմա Երևանում նրա գտնվելը Հունաստանի համերաշխության երաշխիքն է։

Երկու երկրների նախարարներն անդրադարձել են հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և փաստել, որ 30 տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ամուր հարաբերություններ։

armeniasputnik.am