Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի. Փաշինյանը զրուցել է ՌԴ նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i186588-Պուտինը_նոյեմբերի_22_ին_Հայաստան_կայցելի._Փաշինյանը_զրուցել_է_ՌԴ_նախագահի_հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կժամանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահի հետ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 08:33 Asia/Tehran
  • Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի. Փաշինյանը զրուցել է ՌԴ նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կժամանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահի հետ։

«Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Պուտինը վերջին անգամ Հայաստանում է եղել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա  Հայաստան  էր ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։