Լաչինի միջանցքի արգելափակումը կոպտագույն խախտում է. Միրզոյանը` ԵԱՀԿ գործող նախագահին
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության եւ առաջմղման գործում:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:
Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
news.am