ՀՀ–ն Կովկասում 1-ինը ստորագրեց կլիմայական գործողությունների միջկառավարական հռչակագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i191554-ՀՀ_ն_Կովկասում_1_ինը_ստորագրեց_կլիմայական_գործողությունների_միջկառավարական_հռչակագիրը
Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որն այսօր ստորագրեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 10:24 Asia/Tehran
  • ՀՀ–ն Կովկասում 1-ինը ստորագրեց կլիմայական գործողությունների միջկառավարական հռչակագիրը

Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որն այսօր ստորագրեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց, որ սրանով Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ։

«Երեխաներն ու երիտասարդները կլիմայական փոփոխությունների առումով թիրախում են։ ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»,– ասաց Սիմիդյանը։

Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանն էլ ասաց, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը` ճանաչելու և հաշվի առնելու երեխաների ու երիտասարդների կարիքները, իրավունքները։

«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացրել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ` հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի ու սակավաջրության ավելացման։ Երեխաներն ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ։ Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ միավորվում տվյալ հարցի շուրջ»,– նշեց Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։

Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ–ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից 2 երիտասարդի մասնակցությունը 2019 թվականին Մադրիդում կայացած կողմերի 27-րդ համաժողովին` միանալու այդ ջանքերին։

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՅՈւՆԻՍԵՖ–ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ։ Շարունակվելու է դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ` բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին` կլիմայի փոփոխությունը մեղմելու համար։

Ծրագրին նախատեսվում է տարբեր համայնքներից ներգրավել շուրջ 28.000 երեխայի և երիտասարդի։

armeniasputnik.am