Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i192490-Բաքուն_ավելի_մասշտաբային_հարձակում_էր_պատրաստում._փոխարտգործնախարարը_Իրանի_դերի_մասին
Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 09:59 Asia/Tehran
  • Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին

Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։

Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Վահան Կոստանյանի խոսքով` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:

Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։

Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։

«Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է նա:

Անդրադառնալով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին` պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի գնումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին` արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը և ստիպելը Հայաստանին զիջումների գնալ։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։

armeniasputnik.am