Հայաստանի հետ սահմանագծում Ադրբեջանի ռազմական ներկայությունն ակտիվացել է
Հայկական որոշ աղբյուրներ հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տեղաշարժ է նկատվում Հայաստանի հետ սահմանագծում և Ղարաբաղի առաջնագծում: Ըստ հիշյալ աղբյուրների՝ երկար ժամանակ անց առաջին անգամ այս շրջաններում նկատելի է նաև ծանր տեխնիկայի տեղաշարժ։
Հայաստանի Հանրապետության ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն առաջնագծում Ադրբեջանի ակտիվանալու մասին գրել է.««Վերջին օրերին և´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, և´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են տարածել Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:
Աբրահամյանը հավելել է.«Այս միտումը դրսևորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում: Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսևորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:Այս հարցի հետ կապված Աբրահամյանն ասում է,որ տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ և այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետևանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում»։