Նոր վտանգներ Արցախի համար. Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է միջազգային կառույցներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i195706-Նոր_վտանգներ_Արցախի_համար._Գերագույն_հոգևոր_խորհուրդը_դիմել_է_միջազգային_կառույցներին
Գերագույն հոգևոր խորհուրդը ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին կոչ է անում հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի վճռի կատարմանը։ Այս հայտարարությունը տարածել է Գերագույն հոգևոր խորհուրդը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2023 15:37 Asia/Tehran
  •  Նոր վտանգներ Արցախի համար. Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է միջազգային կառույցներին

Գերագույն հոգևոր խորհուրդը ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին կոչ է անում հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի վճռի կատարմանը։ Այս հայտարարությունը տարածել է Գերագույն հոգևոր խորհուրդը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։

«Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է»,– ասված է հայտարարությունում։

ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը փետրվարի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Իսկ Եվրոխորհրդարանի վեհաժողովի Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:

«Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է, որ հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am