185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205122-185_երկիր_ստեղծել_են_կենսաբազմազանության_պահպանման_հիմնադրամ
Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող (ԳԷՀ) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 11:53 Asia/Tehran
  •  185  երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ

Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող (ԳԷՀ) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Նշվում է, որ նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որը օգոստոսի 21-28-ը կգտնվի Կանադայում։

Հիմնադրամը կմոբիլիզացնի և կարագացնի ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։

Նշվում է, որ հիմնադրամի համար առաջնահերթություն են զարգացող փոքր կղզի պետությունները և քիչ զարգացած երկրները, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը: Նոր հիմնադրամն արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 մլն կանադական դոլար Կանադայից և 10 մլն ֆունտ ստեռլինգ Միացյալ Թագավորությունից:

ԳԷՀ-ն ընտրվել էր նոր հիմնադրամը կառավարելու համար Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը հաստատել է դրա ծրագրերը 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:

Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:

Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Նշվում է, որ Հակոբ Սիմիդյանը Կանադայում կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերը։

armenpress.am