Ադրբեջանը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205828-Ադրբեջանը_հերքել_է_Լաչինի_միջանցքը_վերաբացելու_մասին_լուրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 13:09 Asia/Tehran
  • Ադրբեջանը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը հերքել է Լաչինի միջանցքը վերաբացելու մասին լուրը:

Դա այն դեպքում, երբ բրիտանական Guardian թերթն Ադրբեջանի ու  Հայաստանի միջև ռազմական հակամարտության ծագման և  լարվածության աճի  ֆոնին  հայտարարել է.-«Բաքվի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համաձայնության են եկել Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ»։

2022 թ․ դեկտեմբերի 12-ին  Ադրբեջանը  բնապահպանական պատճառաբանություններով փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին  կապող  միակ ճանապարհը: Երևանը և Ղարաբաղի տեղական իշխանությունները Բաքվի այս գործողությունը որակել են որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների խախտում և զգուշացրել դրա բացասական հետևանքների կապակցությամբ:

Լաչինի միջանցքի գրավմամբ փաստորեն Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակիչ շրջափակման մեջ է։ Հայաստանի իշխանությունները Բաքվի այս գործողությունն անվանել են  «էթնիկ զտումների քաղաքականություն» և պահանջում են  վերաբացել այն։

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն  այսօր՝ կիրակի, հայտարարել է.-«Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական բեռը  Աղդամով մտել է Լեռնային Ղարաբաղ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը շարունակում է փակ մնալ»: 

Արցախի տեղեկատվական շտաբից նախօրեին հայտնել էին, որ  ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Սակայն ադրբեջանական կողմը երեկ ուշ երեկոյան չեղարկել է պայմանավորվածությունը` ասելով, որ միայն Աղդամով մուտքն է լինելու` բացառելով Լաչինի միջանցքի որևէ ձևով գործարկումը: Այս պայմաններում Արցախի իշխանությունները մերժել են նրանց այդ առաջարկը, և փաստացի այն բեռը, որը պետք է Աղդամով հասներ Արցախ` մուտք չի գործել տարածք:

Հիքմեթ Հաջիևը նաև «կեղծ ընտրություններ» է անվանել Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված ընտրությունները և ասել. «Այս քայլը բացասական հետևանքներով ուղեկցվող խոչընդոտ է։ Դրածո վարչակարգը պետք է լուծարվի: Սա կայուն խաղաղության երաշխավորման միակ ելքն է հայերի և Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիների համար, որպեսզի կարողանան ապրել խաղաղ գոյակցության պայմաններում»:

Երեկ (շաբաթ օրը) Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավորները Սամվել Շահրամանյանին ընտրեցին որպես Արցախի նախագահ: