Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 8 գյուղերի վերաբերյալ
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերջնագրի տեսքով նորից Հայաստանից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ։
«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ», այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասել է,-«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են»։
«Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պայմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլև Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները», ասել է Գեղամյանը։