Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i211084-Ադրբեջանը_վատ_է_տրամադրված_նրանց_խաղաղության_պայմանագիրը_ձեռք_չի_տալիս._Արմեն_Խաչատրյան
ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության ու Արևմուտքի դիվանագիտական ճնշումով Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 09:36 Asia/Tehran
  • Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան

ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության ու Արևմուտքի դիվանագիտական ճնշումով Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է։

Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագիր կնքելուց, քանի որ վստահ է, որ դրանով ՀՀ տնտեսությունը կարող է շատ արագ մեծ վերելք ապրել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այսօր չստորագրվի այնպիսի պայմանագիր, որը հստակ երաշխավորված կլինի։

«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս։ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կստեղծվի ճանապարհների ապաշրջափակումով։ Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են և հետևություններ են անում, և, բնականաբար, ոգևորված չեն, որ ՀՀ հեռանկարն այդպիսին լինի»,–ասաց իշխանական պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի` Ադրբեջանը պայմանագիր ստորագրելու դեպքում ցանկանում է, որ այն լինի նոյեմբերի 9–ի նման փաստաթուղթ, որի կետերը հնարավոր կլինի խախտել։

«Մենք դա թույլ չենք տալու։ Ադրբեջանի ուզելով չէ, կա միջազգային հանրություն, կա Արևմուտք, կան բազմաթիվ երկրներ, և այսօր Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշումը մեծ է»,–ասաց Խաչատրյանը։

Լրագրողի հիշեցմանը, որ Լաչինի միջանցքի ժամանակ էլ միջազգային հանրությունն ու Արևմուտքը իրենց կոչերով կային, իշխանական պատգամավորը հորդորեց չթերագնահատել միջազգային հանրության այսօրվա դիրքրոշումն ու դրա արդյունքները։

Sputnik.