ՀՀ – Ղազախստան համագործակցություն ՀԱՊԿ շրջանակից դուրս. որո՞նք են նպատակները
Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր` Ղազախստանում կան ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոններ և, ըստ այդմ` համագործակցության հուշագիր ստորագրելով այս երկրի հետ ՀՀ–ն սկսում է նաև այս կերպ ինտեգրվել ՆԱՏՕ–ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը քննարկել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, ստորագրել պաշտպանական ոլորտում 2024 թ. համագործակցության պլանը։
«Ես չեմ բացառում, որ մեր բանակի սպայակազմը փորձի փոխանակման համար այդ համագործակցության շրջանակում ուղևորվի Ղազախստան, Վրաստան։ ՀՀ–ն հիմա ստորագրում է հետխորհրդային երկրների հետ անվտանգային ու պաշտպանական ոլորտներում համագործակցություն` ամենայն հավանականությամբ ինտեգրվելով ՆԱՏՕ–ին։ ՆԱՏՕ–ն ուսումնական կենտրոններ ունի նաև Ղազախստանում, Վրաստանում։ Եթե ՀՀ–ն շուտով համագործակցության հուշագիր ստորագրի նաև Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի հետ, այս առումով իրավիճակն ավելի կհստականա։ Իսկ ՆԱՏՕ–ն բավականին ակտիվ է ՀՀ–ում` զորավարժություններ, ուսումնական կենտրոնների հետ համագործակցություն, հրահանգիչներ և այլն»,– ընգծեց փորձագետը։
Ըստ նրա` պատահական չէ, որ մեր երկրի երկու հարևաններն ինտենսիվ համագործակցում են ՆԱՏՕ–ի հետ` Ադրբեջանը Թուրքիայի միջոցով, իսկ Վրաստանում վաղուց են ներկայացված ՆԱՏՕ–ի և Պենտագոնի զինված ուժերը։
«Այսպիսով ՌԴ շուրջ ստեղծվում է ոչ բարեկամ երկրների ուսումնական կենտրոններում մասնագիտական որակավորում անցնող բանակային ստորաբաժանումներ։ Դրանք ստեղծվում են նույնիսկ այն երկրներում, որոնք ՀԱՊԿ անդամ են»,– նկատեց Նահապետյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով` իր դաշնակից ՌԴ–ին օգնելու փոխարեն ՀՀ–ին պատրաստում են ՌԴ–ին դաշույնով թիկունքից հարվածելու համար, որի հետևանքները բավականին ծանր ու տխուր են լինելու։
Նրա համոզմամբ` նման համագործակցություն չի լինի, օրինակ` Բելառուսի հետ, քանի որ նրա ռազմաքաղաքական ղեկավարությունը սկզբունքորեն դեմ է ՆԱՏՕ–ի հետ շփման։ Բացի այդ, Բելառուսը ոչ երևացող դաշտում ՌԴ հետ միասին ՆԱՏՕ–ի հետ հակամարտության մեջ է։
armeniasputnik.am