Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i214594-Հայաստանը_հանդիսանում_է_ՀԱՊԿ_լիարժեք_անդամ_բոլոր_պարտավորություններով_ու_իրավունքներով._Զախարովա
Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 28, 2024 17:58 Asia/Tehran
  • Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա

Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ:

Այս մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Ֆրանս-24»-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

Զախարովան նշել է, թե ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, «ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում»:

«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետության կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ կառույցը չի կատարել Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունները 2021-22թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների համատեքստում: Ցանկանում ենք հիշեցնել, որ 2021թ. սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և գնահատող առաքելությամբ ՀՀ սահմանամերձ շրջաններ է գործուղվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը: Արդյունքում որոշում էր կայացվել ՀԱՊԿ կողմից մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից առաջարկը մերժվել էր: Ավելին, փոխարենը պաշտոնական Երևանը նախընտրել է հրավիրել Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Ամեն դեպքում, մենք շարունակում ենք ելակետային համարել այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: Չնայած, պետք է նշենք, որ ցավոք, ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում: Մենք շարունակում ենք հուսալ, որ Երևանում, այնուամենայնիվ, կգան այն հետևությանը, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գործընկերների հետ վստահության մթնոլորտում հանգիստ պայմաններում քննարկումների կազմակերպումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: