Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i215578-Փաշինյանն_ու_Միշելը_Բրյուսելում_քննարկել_են_Հայաստան_Ադրբեջան_խաղաղության_գործընթացը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2024 14:24 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել Խաղաղության խաչմերուկ նախագիծը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: