Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախընտրում է քաղաքականությունից դուրս մնալ և ավելի հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, քան հարցազրույցներով: Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի շրջանակներում նա համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։
- Մոսկվայում կայացած բիզնես ֆորումի շրջանակներում դուք բարձրացրեցիք Հայաստանը տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի վերածելու կարևորության հարցը։ Հայաստանի իշխանություններն իրենց տեսլականը ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ դառնալ:
- Այն հանգույցը, որը ես եմ ներկայացնում, և այն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, տարբերվում են։ Կարևոր է, որ մենք մասնակից դառնանք շատ ավելի իրական նախագծերի, և իրականացնենք դրանցից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ն։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և լոգիստիկ դիրքը հյուսիսի և հարավի հատման կետում՝ այն կարող է առանցքային տեղ զբաղեցնել Իրանի և Ռուսաստանի կապի համար։ Դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ ակտիվորեն զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքը, որն այսօր Հայաստանում իսկապես կաղում է։ Սրանք ռազմավարական կարգի հարցեր են, և պետք է անել հնարավորը առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման համար։ Դրա համար Հայաստանն այսօր ունի բոլոր ռեսուրսները։
- Ձեր կողմից պատրա՞ստ եք ներդրումներ կատարել և ինչ-որ նախագծեր իրականացնել:
- Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մասնակից լինել այդ գործընթացին, բայց դրա համար մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ նախագիծը մեկ օրում չի իրականացվելու, մենք հետևողականորեն շարժվելու ենք այդ ուղղությամբ՝ քայլ առ քայլ։
- Որո՞նք են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների հետագա համագործակցության և զարգացման աճի հիմնական կետերը:
- Իննսունականներին երկրի ամբողջ արդյունաբերությունը գործնականում կանգ առավ, և մինչ օրս արդյունաբերական ներուժը չի վերականգնվել: Իսկ Հայաստանն ունի այդ ուղղությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները, չէ՞ որ մենք կարևոր առավելություն ունենք՝ որակյալ աշխատուժ և լավ կառավարիչներ։
Վերջին տարիներին մենք գործարկել ենք մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, դրանք հազարավոր աշխատատեղեր են, տարածաշրջաններում ներկայացվածության աճ, մենք որակական փոփոխություններ են տեսնում առանձին շրջաններում, և այդպես պետք է լինի ամբողջ երկրում։ Հայաստանում, օրինակ, կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք օգտակար հանածոներ են արդյունահանում և վաճառում։ Դա ինչ-որ չափով ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը կամ արդյունաբերական ձեռնարկություն բացելը: Երկար ժամանակ արդյունաբերության ոլորտի զարգացմանը պատշաճ ուշադրություն չէր դարձվում, բայց, իմ կարծիքով, դա շտկելու ժամանակն է։
Ռուսաստանում այսօր արդյունաբերական ապրանքները շատ պահանջված են, դրանց հիմնական մատակարարը Չինաստանն է։ Հայաստանում արդյունաբերության զարգացումը երկրին թույլ կտա իր տեղը զբաղեցնել ռուսական շուկայում։ Եկել է դրան ամենայն լրջությամբ վերաբերվելու պահը, մենք կարող ենք մեծ հաջողություններ ունենալ այդ ուղղությամբ։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական շուկա դուրս գալը կարող է երկարաժամկետ հեռանկարներ բացել հայկական բիզնեսի համար։ Մենք հիմա զբաղվում ենք այդ հարցերի մշակմամբ։
- Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հարաբերական կայունության հասնելու համար:
- Ներդրումային մթնոլորտն առաջին հերթին կախված է երկրի անվտանգությունից, և այդ առումով Հայաստանը մշտական տուրբուլենտության մեջ է: Կորոնավիրուսի ժամանակաշրջանը, այնուհետև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները չէին կարող չազդել ներդրումային միջավայրի վրա։ Դա բարդ է, բայց չի նշանակում, որ պետք չէ ներդրումներ անել։ Այս գործընթացում պետք է զուգահեռ շարժվել. քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանում նոր ներդրումների համար շատ մեծ հնարավորություններ կան։ Վստահ եմ, որ հայկական բիզնեսը, ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գիտակցում է դա և ներդրումներ է անելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
- Առաջիկայում Ձեր մասնակցությամբ կամ հայ-ռուսական ներուժով ներդրումներ պե՞տք է ակնկալել Հայաստանում:
- Մենք չենք էլ դադարել դա անել։ Ամեն տարի մենք մի շարք խոշոր նախագծեր ենք սկսում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որոնց մի մասի մասին մենք պատմեցինք համաժողովում։
Մասնավորապես, ծանր արդյունաբերության ոլորտում վերջին 15 տարվա ընթացքում ամենամասշտաբային նախագիծը Հրազդանում T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է (արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը՝ 80 մլն դոլար), որն ուղիղ երկաթուղային կապ ունի վրացական Փոթի նավահանգստի հետ։ 2023 թվականին գործարկվեց AMPER ուժային տրանսֆորմատորների եզակի արտադրությունը։ Նախատեսվում է գործարանի հետագա ընդլայնում՝ հարակից երկրների շուկա բարձրավոլտ տրանսֆորմատորների մուտքով. սա էկոլոգիական դասի բարձր տեխնոլոգիական արտադրություն է։
Բացի այդ, մենք աշխատում ենք պղնձի, ալյումինե արտադրանքի էլեկտրոլիտային զտման՝ տարածաշրջանում առաջին արտադրության ստեղծման ուղղությամբ։ Հրազդանում սկսել ենք նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։ Սևան-Հրազդան կասկադի արդիականացման նախագծում այսօր արդեն ներդրվել է 29 մլն դոլար, իսկ մինչև 2033 թվականը նախատեսվում է եւս 120 մլն դոլար ներդնել: Երևանի կրկեսի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բացումը նախատեսվում է հաջորդ տարվա հունիսին:
- Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
- Ես երազում եմ ուժեղ Հայաստանի մասին։