Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև
(last modified Sun, 15 Sep 2024 13:19:42 GMT )
Սեպտեմբեր 15, 2024 16:49 Asia/Tehran
  • Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում:

Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։