Գրիգորյանի և Օվերչուկի հանդիպումը մոտ 5 ժամ է տևել
(last modified Sun, 15 Sep 2024 13:52:35 GMT )
Սեպտեմբեր 15, 2024 17:22 Asia/Tehran
  • Գրիգորյանի և Օվերչուկի հանդիպումը մոտ 5 ժամ է տևել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի սեպտեմբերի 13–ին Երևանում կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքը շատ է։ Այդ մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- նշել է Օվերչուկը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023-ին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։

«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- նշել է բարձրաստիճան պաշտոնյան։

Նա հավելել է, որ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Օվերչուկն ասել է, որ Փաշինյանի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարագին վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության արդյունքներին, աճող ապրանքաշրջանառությունը։

Օվերչուկը շեշտել է, որ, եթե 2023թ․ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 7․3 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 8․4 միլիարդ դոլարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ սա հնարավոր է դարձել մի քանի պատճառներով․ հասանելիություն դեպի 190-միլիոնանոց շուկա, անմաքս առևտուր, ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատություն և այլն։