Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ
(last modified Thu, 24 Oct 2024 07:51:53 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 11:21 Asia/Tehran
  • Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ

Եթե այսօր Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի, ապա դա ինքնուրույն չի որոշելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վճռորոշ դեր են կատարել ոչ միայն իսրայելական զենքերը, այլև իսրայելական մասնագետները, որոնք կառավարել են զենքերը։ Կարևոր դերակատարում է ունեցել Մեծ Բրիտանիան, որն ավելի քան 100 միլիարդ դոլար ներդրում ունի Ադրբեջանում, և բրիտանական մոտ հարյուրից ավելի կարևոր գրասենյակներ կան այդ երկրում բացված։ Դանիելյանի խոսքով` պարզ չէ, թե դրանցից քանիսն են հատուկ ծառայության աշխատակիցներ։

«Պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո Բրիտանիան առնվազն ապահովել է Ադրբեջանի դիվանագիտական տանիքը, ՄԱԿ-ում բանաձևեր է խոչընդոտել, հետախուզական տվյալներ է տրամադրել Ադրբեջանին։Բացի այդ, մասնակցություն են ունեցել նաև Թուրքիան ու Պակիստանը։ Կարճ ասած` Ադրբեջանը պատերազմը սկսել է միջազգային թույլտվությամբ»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով` ըստ էության «թուրքական աշխարհի գաղափարը» իրականում 19-րդ դարից սկսած՝ բրիտանական գաղափարախոսությունն է, այսօր էլ իրավիճակը նույնն է՝ գործ ունենք բրիտանական ծրագրի հետ։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը դեմ է Իրանը, դրա համար չի ստացվում, այստեղ հատուկ կարծիք ունի նաև Ռուսաստանը, որովհետև իրեն պետք չէ, որ Սյունիքն ամբողջությամբ լինի Թուրքիայի ազդեցության տակ։ Պատահական չէ, որ երբ Պետդեպի քարտուղարի տեղակալն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը գալիս են տարածաշրջան, ասում են՝ քանի որ Ուկրաինայում պատերազմ է, լավ իրավիճակ է, որ մենք և՛ պայմանագիր կնքենք, և՛ ճանապարհները բացենք, բառացիորեն և հրապարակային ասում են՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մնա, դա ուղղված է նաև Իրանի դեմ, սենց լավ առիթ էլ չի լինելու»,- ասաց Դանիելյանը։

Նա վստահ է, որ եթե ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, Ռուսաստանը նորից գալու է տարածաշրջան, և այս ամենից հետո Թուրքիայի ազդեցությունը թուլանալու է։