Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է ականազերծողների և բուժախատողների մասնագիտական խմբի գործունեությունը Սիրիայում
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Skynewsarabia-ն հայտնել էր, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ քաղաք և փորձում են վերահսկողություն հաստատել ռազմավարական վայրերի վրա։