ՀՀ դեսպանը ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ
(last modified Tue, 04 Mar 2025 14:22:52 GMT )
Մարտ 04, 2025 17:52 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանը ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

Մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում, հայտնում է Factor.am-ը։

«Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման սկզբունքներին, միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառություններին, ներկայացրել  Հայկական Ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ շարունակվող աշխատանքները, ԱԷՄԳ և գործընկեր պետությունների հետ համատեղ միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ԱԷՄԳ միջուկային անվտանգության 2026-2029թթ ծրագրի և Գործակալության մանդատի ներքո գտնվող այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդը համարվում է կազմակերպության քաղաքականության մշակման և կառավարման առանցքային կառույցներից մեկը՝ գործելով անդամ պետությունների տարեկան գլխավոր համաժողովի հետ համատեղ։

ՀՀ–ն դարձել է 35 անդամ ունեցող այս խորհրդի մաս 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 67-րդ նստաշրջանը հաստատել է իր անդամակցությունը։

panarmenian.net