Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել
Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ ասել է. <<Փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։
Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:
Կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։
Միրզոյանը նշել է, քննարկել ենք երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ »։
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
- ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր,
- « Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ։
Հնդկական «Wion»–ին տված հարցազրույցում նա ասել է, որ Երևանը մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանական ոլորտին, բայց գնումներն ուղղված չեն երրորդ երկրների շահերի դեմ։
Հիշեցնենք` տարբեր ԶԼՄ-ներ բազմիցս գրել են, որ Հայաստանը հնդկական արտադրության ռազմական տեխնիկա է գնել, այդ թվում՝ ՀԿՌՀ-ներ, հաուբիցներ։
tert.am