Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը․ Միրզոյան
(last modified Tue, 11 Mar 2025 15:55:57 GMT )
Մարտ 11, 2025 19:25 Asia/Tehran
  • Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը․ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ:  Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը նշված լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել:

 «Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։  Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին»,- նշել է Միրզոյանը։

armenpress.am