Ակնկալում ենք ամբողջական կարգավորում․ Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230194-Ակնկալում_ենք_ամբողջական_կարգավորում_Ռուբինյանը_հարցազրույց_է_տվել_թուրքական_ԶԼՄ_ին
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այս մասին թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2025 13:56 Asia/Tehran
  • Ակնկալում ենք ամբողջական կարգավորում․ Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այս մասին թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ընդգծել է Ռուբինյանը։

Նա շեշտել է՝ այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից մինչ օրս չի փոխվել, Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։

Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման ու, եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա։

«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։

Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին հայտարարեց, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։

arm.sputniknews