Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն
(last modified Tue, 01 Apr 2025 14:43:23 GMT )
Ապրիլ 01, 2025 18:13 Asia/Tehran
  • Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։

Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը, որին «խիստ բողոք» են հայտնել Շտայնմայերի գրառման համար։

«Դաշնային նախագահի սոցիալական ցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ նկար և ուղեկցող տեքստ։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հաղորդագրությունն անմիջապես ջնջվեց։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում: Ես շատ վշտացած եմ տեղի ունեցած սխալից և կցանկանայի անկեղծ ներողություն խնդրել այդ հրապարակման համար»,– գրված է նամակում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։

Նա ՀՀ–ում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանական պատվիրակության այցի շրջանանկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

arm.sputniknews